Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  մարզերում մանկապարտեզների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Արարատի եւ Վայոց ձորի մարզեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում, 2010-ին Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել էր  «Պստիկաշեն» նախակրթարանը, որն ունի նախադպրոցական տարիքի 34 երեխա: Վերանորոգված եւ համապատասխան գույքով կահավորված այս նախակրթարանում, որը գործում է արդեն երկրորդ ուսումնական տարին, Աշոտյանը մասնակցել է բաց դասի:

Նույն օրը նախարարը մասնակցել է նաեւ Վայոց ձորի մարզի Արենի եւ սահմանամերձ Մարտիրոս գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացման արարողություններին: Արենիի նախակրթարանում սովորում են 19, Մարտիրոսի նախկրթարանում` 15 երեխաներ:

Նախակթարանների բացման առիթով Արմեն Աշոտյանը շնորհավորել է համայնքների բնակիչներին եւ կոչ արել` ամեն ինչ անել, որպեսզի աշակերտների թիվն ավելանա: Նշենք, որ ՀԲ-ի  նախակրթարանների հիմնադրման եւ վերականգնման փորձնական ծրագրի նպատակն է` մինչեւ 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում եւ Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը` Գեղարքունիքում եւ 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Ըստ նախարարի, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կլինի 250 նորաբաց նախակրթարան: Նախարարի խոսքով, ներկայումս նախակրթարաններում ընդգրկված են նախադպրոցական տարիքի երեխաների 57 տոկոսը: «Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ»: