Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք անցկացնելու որոշում դեռ չի ընդունել: Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

«Հանրահավաքը քաղաքական գործընթացից բխող միջոցառում է: Այն կարող է լինել եւ մի քանի օրից, եւ մի քանի ամսից: Այն պետք է ծառայի իր նպատակին»,- նշեց Մուսինյանը եւ հավելեց, որ այս պահին չի ստեղծվել այն ակումուլյացիոն դաշտը, որը թույլ կտար հանրահավաք անել այլ քաղաքական ուժերի հետ կամ առանձին:

Մուսինյանը նաեւ նշեց, թե իրենք դեռ չեն կարծում, որ սպառվել են համախմբվելու բոլոր հնարավորությունները, բայց «իհարկե մենք ունենք ռազմավարություն, թե ինչ ենք անելու, եթե համախմբումը տեղի չունենա»: Ըստ Մուսինյանի՝ ՀԱԿ-ը շարունակում է հասարակության լայն շերտերի, քաղաքական ուժերի, անհատների համախմբման գործընթացը, բայց ապարդյուն, թեեւ այս պահին համախմբման ավելի պարարտ հող կա, քան մի քանի ամիս առաջ: