Կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն: Այս մասին նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի հաղորդագրությունից, մարտի 14-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, Երեւանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից օմբուդսմենն ստացել է 56 անհատական եւ 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում  պատկերը հետեւյալն է.

- 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ եւ դեռեւս չսպառված ժամկետով փաստաթղթեր:  Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:

- 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:

- 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:

- 9 դիմումներ դեռեւս ուսումնասիրության փուլում են:

«Նշված ուսումնասիրությունների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի եւ Երեւանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաեւ վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը եւ պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:

Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միեւնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական եւ բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաեւ խնդրով  հետաքրքրված այլ  անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:

Հայտնենք նաեւ, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել  19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 եւ 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն»,- ասված է Կարեն Անդրեասյանի հաղորդագրությունում: