2008թ. մարտի 1-ը շատերը համեմատում են 96թ. դեպքերի հետ. համեմատությունը տեղին է ընդամենը մեկ պարագայում, որ երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո, արդյունքների բողոքարկման արդյունքում: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով իրեն ուղղված լրագրողների հարցերին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է 1996-ի դեպքերը, պատմելով. «Այն ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է նորանկախ պետության պատմության ընթացքում: 1996թ. հիմնական թեկնածուն` Վազգեն Մանուկյանը հանրահավաք է կազմակերպել, այն տեղափոխել Գերագույն Խորհրդի շենքի առջեւ, եւ հայտարարել. «Հիմա ես մտնում եմ խորհրդարան` Խաչատուր Բեզիրջյանի հետ բանակցելու: Եւ եթե 20 րոպե հետո չգամ, եկեք իմ ետեւից»: Հենց 20 րոպե հետո ժողովուրդը` մոտ 5000 մարդ, սկսեց բարձրանալ ճաղերի վրա:
Անվտանգությունը դրված էր Ս. Սարգսյանի վրա: Նա էր կենտրոնացնում ազգային անվտանգությունը, ներքին գործերը: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ իմ թիկնապահ Ռոմեն Ղազարյանը որեւէ իրավասություն չունեին այս հարցում:
Երբ բարձրացան ճաղերի վրա եւ ներխուժեցին Ազգային Ժողովի շենք, Սերժ Սարգսյանը մոտեցավ ինձ եւ ասաց. «Շեֆ, պետք ա կրակել»: Ասացի. «Ոչ մի դեպքում, սպասեք»:
Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ Լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ փոխնախագահին եւ նախագահին, միայն օդ կրակեցին, եւ մենք կարողացանք առեւանգվածներին փրկել:
Ոչ մի այլ բան այդ իրադարձությունների ընթացքում չի եղել, ոչ մի մարդ հրազենային վնասվածք չի ստացել: Չկա նման փաստ, գոյություն չունի: Իսկ մարտի 1-ին 10 սպանված, 100-ից ավելի վիրավոր, եւ եկեք համեմատեք այս իրադարձությունները: Ովքեր համեմատում են, այս մարդասպանների փաստաբաններն են»:




























