Մշակման փուլում են հայ-ռուսական համատեղ բազմաթիվ գիտական նախագծեր: Այս մասին հունիսի 13-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին։
Նրա խոսքով՝ «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը տնտեսության արդիականացման շարժիչ ուժն է» համաժողովը, որը մեկնարկել է Երեւանում, խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
Նա տեղեկացրեց, որ համաժողովին մասնակցում են ռուսաստանյան 34 առաջատար բուհերի եւ 21 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ռուսական պատվիրակությունը ժամանել է հայ ընկերների հետ համատեղ նախագծերի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության թեմայով քննարկումներ անցկացնելու համար»,-հավելեց նա։





























