Հայ-ռուսական հարաբերությունները գիտության եւ կրթության բնագավառում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլեւ ձեռք են բերում նոր ձեւաչափեր: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը ՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժը» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում երկու երկրների բուհերի միջեւ:
Անդրեասյանի խոսքով ՝ սա հայ-ռուսական գիտական կրթական արդյունավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման եւս մեկ ապացույց է: Նա կարեւորեց միջազգային համագործակցության ընդլայնումը եւ հաջողված փորձի կիրառումը:
«Ներկա իրադարձություններն էլ ավելի են բարձրացնում կրթության եւ գիտության խնդիրներն ամբողջ աշխարհում, քանի որ դրանք նույնպես հաճախ դիտարկվում են որպես տնտեսության արդիականացման հիմնական դրայվերներ։
Համաժողովի շնորհիվ մենք կգտնենք կրթության եւ գիտության ոլորտում առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու միջոց: Համաժողովը կդառնա համագործակցության հիմնական հնարավորությունների բացահայտման հարթակներից մեկը եւ կօգնի այն բարձրացնել նոր մակարդակի, իսկ համատեղ նախագծերի իրականացումը կնպաստի մեր երկրների տնտեսության զարգացմանը»,-հավելեց նախարարը։





























