Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է երկրի պատմության մեջ առաջին ազգային անվտանգության ռազմավարությունը, որում Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է Եվրոպայում աշխարհակարգի «ամենալուրջ սպառնալիքը»: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Գերմանիայի նախարարների կաբինետի կայքում։

Դրանում նշվում է, որ դրա մշակման «որոշիչ գործոնը» փոփոխություններն էին, որոնք կապված էին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։ Հատուկ ռազմական գործողությունն անվանվել է  շրջադարձային կետ։ Այս մասին բազմիցս ասել է նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Այսօրվա Ռուսաստանը տեսանելի հեռանկարում կլինի ամենալուրջ սպառնալիքը խաղաղությանն ու անվտանգությանը եվրաատլանտյան տարածքում»,-ասվում է Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Երկրի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դարձել է «ՄԱԿ-ի կանոնադրության եւ ընդհանուր եվրոպական անվտանգության համակարգի աղաղակող խախտում»։

Միեւնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ Գերմանիան խաղադրույք է կատարում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ վստահելի քաղաքական եւ ռազմական շփումների պահպանման վրա՝ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու եւ թափանցիկությունը խթանելու նպատակով:

Ազգային անվտանգության ռազմավարությունը բաղկացած է ավելի քան 40 էջից։ Դրանում խոսվում է Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների անվտանգության ապահովման մասին, մասնավորապես՝ կիբեռտարածությունում եւ տիեզերքում։ Փաստաթուղթը պարունակում է նաեւ արտաքին ազդեցությանը եւ լրտեսությանը հակազդելու, ռազմավարական կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության հայեցակարգ եւ այլն։