Եվրամիությունը դադարեցրել է բարձր մակարդակի քաղաքական այցելությունները եւ ֆինանսական աջակցությունը Կոսովոյին երկրամասի վարչապետի՝ սերբական անկլավներում լիցքաթափումն ապահովել չկարողանալու պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները «պատժամիջոցներ չեն»։
«Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ձախողել է Կոսովոյում լիցքաթափման փորձերը։ Դրա հետ կապված՝ մենք որոշում ենք կայացրել մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք ուժի մեջ են մտել անմիջապես, ներառյալ բարձր մակարդակի այցելությունների եւ ֆինանսական փոխգործակցության դադարեցումը Կոսովոյի հետ,- ասել է նա։- Այդ միջոցները պատժամիջոցներ չեն, դրանք մտցվում են բոլորովին այլ մակարդակում»։





























