Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հասկացրել է Շվեդիային, որ ինքը չպետք է սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելուն Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովում: Այս մասին նա ասել է Բաքվից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, գրում է Hurriyet Daily News-ը։

Նա ընդգծել է, որ Շվեդիան, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի դաշինքին միանալու համար:

«Ես կգնամ գագաթաժողովին, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա։ Այն փաստը, որ Շվեդիան որոշակի ակնկալիքներ ունի, չի նշանակում, որ մենք կարդարացնենք այդ սպասելիքները։ Նախեւառաջ Շվեդիան պետք է կատարի իր պարտականությունները»,-ասել է նա։ 

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին կանաչ լույս տալու հիմքեր չունի: Նա հայտնել է, որ այդ ուղերձը փոխանցել է Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին, որոնք հունիսի 14-ին Անկարայում համատեղ նիստ են անցկացրել:

Էրդողանն ընդգծել է, որ այս պայմաններում Շվեդիայի հայտը վավերացնելու համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելը սխալ է: