ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ավելի քան 2 մլն դոլար է հավաքել դատից հետո. նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթերը պատշաճ չպահելու մեջ, տեղեկացրել է CNN-ը։
«Թրամփը դատից հետո հավաքել է 2,04 մլն (դոլար- խմբ.) Նյու Ջերսի նահանգի միջոցառման ժամանակ»,- տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նախօրեին նախկին նախագահը մասնակցել էր Մայամիի դաշնային դատարանի նիստին, որը նրան 37 կետից բաղկացած մեղադրանք էր ներկայացրել գաղտնի փաստաթղթերը պատշաճ ձեւով չպահելու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Թրամփը մեղքը չի ընդունել։ Նույն օրը երեկոյան նա հանդես է եկել Նյու Ջերսիում, կողմնակիցների առջեւ։
Թրամփի նախընտրական ֆոնդին նվիրաբերված միլիոնների մասին տեղեկացվել էր նաեւ այն ժամանակ, երբ նրան մեղադրանք էին ներկայացրել Նյու Յորքում. առաջին օրվա ընթացքում քաղաքական գործիչը հավաքել էր ավելի քան 4 մլն դոլար, իսկ երկու շաբաթում՝ 15,4 մլն։
Նյու Յորքում Թրամփին ներկայացրել էին 34 մեղադրանք գործնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ՝ կապված երկու կանանց (ներառյալ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին) լռության դիմաց վճարելու հետ։ Թրամփը հերքում է այդ մեղադրանքները։





























