Չմայած ԱՄՆ-ն ձգտում է խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, Վաշինգտոնը շարունակում է Մոսկվայից գնել հարստացված ուրան, գրել է The New York Times-ը։ Ամերիկյան ընկերությունները ռուսական կողմին վճարում են մոտ 1 մլրդ դոլար վառելիքի համար, որի հիման վրա արտադրվում է Միացյալ Նահանգների ոչ էմիսիոն էներգիայի կեսից ավելին։ Այս գնահատականներն է ներկայացրել Newsweek ամսագիրը։
Քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, երկրի կախվածությունը միջուկային էներգետիկայից կշարունակի աճել, գրել է NYT-ը։ Այժմ ամերիկյան ընկերությունները ուրան չեն հարստացնում, դրանով զբաղվում է միայն եվրոպական Urenco կոնսորցիումը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Նիդեռլանդներ), որը ձեռնարկություն ունի Օհայոյում։ Հարստացված ուրանի մոտ մեկ երրորդը, որն օգտագործվում է Միացյալ Նահանգներում, ներմուծվում է Ռուսաստանից, մնացածը՝ եվրոպական երկրներից։
Urenco-ում կարծում են, որ ԱՄՆ-ում բավականաչափ ուրանի արտադրության համար, որը թույլ կտար ընկերությանը մրցակցել ռուսական «Ռոսատոմի» հետ, ավելի քան տասը տարի կպահանջվեր։ Այդ կախումն ամերիկյան ատոմային էլեկտրակայանները խոցելի է դարձնում Ռուսաստանի կողմից հարստացված ուրանի վաճառքի հնարավոր դադարեցման դեպքում, գրել է NYT-ը։
ԱՄՆ-ն եւ Եվրոպայի երկրները գրեթե լիովին հրաժարվել են ռուսական հանածո վառելիքից Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, բայց հարստացված ուրանի պարագայում դա անելն ավելի դժվար է. մատակարարումների նոր շղթա ստեղծելու համար կպահանջվեն տարիներ եւ զգալիորեն ավելի շատ պետական ֆինանսավորում, քան հատկացվում է այժմ, գրել է թերթը։ Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները «հատուկ ձգտում չեն ցուցաբերում», որ սկսեն ուրանի հարստացումը երկրի ներսում։ «Անբացատրելի է, թե ինչու Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց ավելի քան մեկ տարի անց Բայդենի վարչակազմը չունի այդ կախումը հաղթահարելու պլան»,- ասել է GHS Climate քոնսալթինգային ընկերության ղեկավար Ջեյմս Քրելենշթեյնը։




























