Իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում (Էներգոդար) լուրջ է Խերսոնի մարզում Կախովի ՀԷԿ-ի փլուզումից հետո, լրագրողներին ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մի կողմից՝ իրավիճակը լուրջ է, կան հետեւանքներ, եւ դրանք իրական են։ Մյուս կողմից՝ նախաձեռնվել են միջոցներ իրավիճակի կայունացման համար»,- ասել է նա Զապորոժիեի ԱԷԿ կատարած ուղեւորությունից հետո։

Գրոսին հավաստիացրել է, որ իրավիճակի գնահատման աշխատանքը կշարունակվի։

ԱԷՄԳ ղեկավարը նաեւ արձանագրել է, որ սառեցնող լճակի ջրերը ներկա պահին բավական են կայանի անվտանգ աշխատանքի համար, լրացուցիչ միջոցների կարիք չկա։

«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան լրագրողներին ասել է, որ ջրի ծախսը լճակից մեծ չէ՝ կայանի սահմանափակ ռեժիմի հետ կապված։ Բացի այդ, մասնագետները լրացուցիչ հիդրոմեկուսացում են կատարել։ Անհրաժեշտության դեպքում տեսականորեն կարող են գործի դրվել առկա պոմպակայանները եւ արտեզյան հորատանցքերը։ Առայժմ նման անհրաժեշտություն չկա, ընդգծել է նա։