Կառավարության տվյալներով՝ կառուցվում է 55 հազար բնակարան։ Փորձագիտական շրջանակները կարծիք են հայտնում, որ մենք գործ ունենք ուռճացված փուչիկի հետ շինարարության «գերտաքացած» ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Բոլոր վարկունակ քաղաքացիները, որոնք կարող են իրենց դա թույլ տալ, նետվել են բանկեր հիպոթեկի հետեւից։ Պարզ ասած՝ դուք, հարգելի կառավարություն, 55 հազար քաղաքացիների բնակարաններում դանդաղ գործողության ական եք դրել, որը կարող է կամ գործի դրվել, կամ ոչ։ Իմ հաշվարկներով՝ ռիսկը կարող է ի հայտ գալ տասներորդ տարում։ Չնայած, Կենտրոնական բանկի նախագահի տվյալներով, այն «պայթյունավտանգ» կլինի արդեն յոթերորդ տարվանից»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա նաեւ նշել է, որ 2022թ. կապիտալ ծախսերն իրացվել են միայն 61 տոկոսով։