Շնորհակալ ենք Պակիստանին Ադրբեջանին ուժեղ աջակցության համար օկուպացիայի շրջանում եւ հայրենական պատերազմի ժամանակ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա ավելացրել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել եւ աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։ Այսինքն՝ Բաքուն դեմ է հանդես եկել Հնդկաստանի շահերին։
«Մենք Պակիստանի վարչապետի հետ քննարկել ենք համագործակցությունը պատպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք նաեւ քննարկել ենք համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացումը, դա անհրաժեշտ է»,- նշել է Ալիեւը։
Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Քաշմիրի հարցում աջակցության համար:
Նա ավելացրել է, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Ադրբեջանական բանակը վերադարձրեց Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, եւ Պակիստանն արեց դա»,- խոստովանել է Պակիստանի վարչապետը։





























