Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությւոնների ապահովման մասին»: Հարցը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ներառվել է հոկտեմբերի 6-ի կառավարության նիստի օրակարգում:

Սակայն մի շարք գերատեսչություններ քննադատել են սույն օրինագիծը: Այսպես` արդարադատության նախարարության եզրակացության համաձայն` նման օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քանի որ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորված է Սահմանադրությամբ: «Գտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագծով այդ հարաբերությունների կարգավորում նախատեսելն արդեն իսկ իրենից ենթադրում է գենդերային խտրականության առկայության հաստատում։ Ուստի, գտնում ենք, որ գենդերային հավասարության հետ կապված հարաբերությունները նոր օրենքի նախագծով կարգավորելու անհրաժեշտությունը չկա»,- նշված է արդարադատության նախարարության եզրակացությունում։

Իսկ տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարություններին դուր չեն եկել օրենքի նախագծի այն դրույթները, որով կազմակերպություններում սահմանվում է քվոտա` ըստ գենդերային կազմի (այսինքն` յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչները չպետք է գերազանցեն 70 տոկոսը): «Գենդերային ներկայացվածության 70 տոկոսը չգերազանցելու սկզբունքը համարում ենք անընդունելի, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի` յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք, եւ հետեւաբար տվյալ սեռի ներկայացուցչին աշխատանքի չընդունելու հիմնավորումը կհակասի ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածին»,- նշված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջարկում: