Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Լիբանանի հարցով նոր հատուկ բանագնացը հաջորդ շաբաթ մեկնելու է Բեյրութ, քանի որ Ֆրանսիան ձգտում է նոր խթան ստեղծել քաղաքական ճգնաժամի դադարեցման համար, որի պատճառով երկիրն արդեն կես տարի մնացել է առանց նախագահի, տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

Նախկին արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որ Մակրոնի կողմից այս ամիս ավելի վաղ նշանակվել էր այդ պաշտոնում, չորեքշաբթի կմեկնի Բեյրութ։ 

Լիբանանի օրենսդիրներն անցյալ շաբաթ 12-րդ անգամ չկարողացան նոր նախագահ ընտրել, ինչը փակուղային իրավիճակ է, որը զայրույթ է առաջացնում Փարիզում, քանի որ երկիրը բախվում է տնտեսական և ֆինանսական ճգնաժամի։

Նախկին նախագահ Միշել Աունի լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ հետևորդն այդպես էլ չի որոշվել։

Նախագահի երկարատև բացակայությունը «գլխավոր խոչընդոտն է երկրում ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին», հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։