Շվեյցարիայի ընտրողները կիրակի հավանություն են տվել բիզնեսի նկատմամբ համապարփակ նվազագույն հարկ մտցնելուն և կլիմայի մասին օրենքին, որն ուղղված է հանածո վառելիքի օգտագործման կրճատմանը և մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելուն, տեղեկացնում է հասարակական SRF հեռուստաընկերությունը։
Արդյունքները ցույց են տվել, որ կիրակնօրյա համազգային հանրաքվեում քվեարկողների 80%-ը պաշտպանել է երկրում բիզնեսի հարկի բարձրացումը ներկայիս 11% միջին նվազագույնից մինչև համաշխարհային նվազագույն 15% դրույքի, ինչը անսովոր խիստ հավանություն է։
Կլիմայի մասին օրենքը նույնպես հավանության է արժանացել և ստացել ընտրողների 59%-ի աջակցությունը։
2021 թվականին Շվեյցարիան միացել էր գրեթե 140 երկրների, որոնք ստորագրել էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ խոշոր ընկերությունների համար նվազագույն հարկային դրույք սահմանելու մասին համաձայնագրին։
Անգամ դրույքի բարձրացումը նկատի ունենալով՝ Շվեյցարիայում նախկինի պես աշխարհում կորպորատիվ հարկի ամենացածր մակարդակը կլինի, և այս առաջարկը, որը, ըստ գնահատականների, տարեկան 2,5 մլրդ շվեյցարական ֆրանկի լրացուցիչ եկամուտ կբերի, բիզնես խմբերի, քաղաքական կուսակցությունների և հասարակության մեծամասնության հավանությանն է արժանացել։
Կլիմայի մասին օրենքը, որ վերադարձվել է փոփոխված տարբերակով այն բանից հետո, երբ 2021-ին մերժվել էր որպես խիստ թանկարժեք, նոր քննարկումներ առաջ բերեց նրանց հետ, ովքեր հանդես են գալիս դրա դեմ։
Կողմնակիցներն ասում են, որ օրենքը նվազագույնն է, որ պետք է անի հարուստ երկիրը, որպեսզի ապացուցի կլիմայի փոփոխության դեմ պայքարին իր նվիրվածությունը, մինչդեռ հակառակորդները աջ ժողովրդական կուսակցությունից ասում են, որ դա սպառնալիքի տակ կդնի էներգետիկ անվտանգությունը։



























