Չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են դրանց հաստատումից ի վեր ամենացածր մակարդակի վրա, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Ցին Գանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ։

«Դա չի համապատասխանում երկու ժողովուրդների հիմնարար շահերին և միջազգային հանրության ընդհանուր սպասումներին։ ԱՄՆ-ի հանդեպ Չինաստանի քաղաքականությունը մնում է կայուն և հետևողական։ Այն հիմնվում է նախագահ Սի Ծինփինի առաջադրած փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները պետք է նաև լինեն համատեղ սատարվող ոգին, համատեղ պաշտպանվող կարմիր գիծն ու նպատակը, որին կհետևեն երկու կողմերը։ Չինաստանը ձգտում է ԱՄՆ-ի հետ  կայուն, կանխատեսելի և կոնստրուկտիվ հարաբերությունների ստեղծմանը։ Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն հավատարիմ կլինի Չինաստանի օբյեկտիվ և ռացիոնալ ընկալմանը, կաշխատի Չինաստանի հետ մեկ ուղղությամբ, կպաշտպանի չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը և անակնկալ ու պատահական իրադարձությունները կհաղթահարի հանգիստ, մասնագիտորեն և անաչառ կերպով, ռացիոնալ ձևով։ Երկու կողմերը պետք է հետևեն Բալիում նախագահներ Սի Ծինփինի և Բայդենի ձեռքբերած ընդհանուր պայմանավորվածությունների տառին և ոգուն և աշխատեն հարաբերությունների կայունացման և անհրաժեշտ հուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշում է ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության, Ցինը նաև շարադրել է Չինաստանի ամուր դիրքորոշումը և առաջադրել է հստակ պահանջներ Թայվանի հարցով, ինչպես նաև  առանցքային այլ հարցերի ու  հիմնական մտահոգությունների վերաբերյալ։

«Ցինը նշել է, որ Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի հիմքն է, առավել նշանակալի խնդիր, և առավել արտահայտված ռիսկ է չին-ամերիկյան հարաբերություններում։ Չինական կողմը կոչ է արել ամերիկյան կողմին հետևել «մեկ Չինաստանի» սկզբունքին և երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեեներին և իրապես կատարել «Թայվանի անկախությունը» չպաշտպանելու սեփական պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։