ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում` Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի եւ նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տեւած հարցաքննություններից եւ խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը եւ նրա խմբի անդամները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի եւ Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ է խոնարհել «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջեւ, այնուհետեւ շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում։