Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։

ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին եւ պահման պայմաններին։

Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաեւ պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։

Նախաձեռնված քրեական վարույթի  եւ ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։

Այցի արդյունքները կամփոփվեն եւ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ  գլխավոր դատախազություն։