Ֆրանսիայի Կանտալ դեպարտամենտում 23 կով սատկել են կայծակի հարվածից: Դեպարտամենտը տուժել է անձրևների և ամպրոպների հետևանքով, հայտնում է Montagne տեղական պարբերականը։
«Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գլենա կոմունայի Լաբրուս ֆերմայում կայծակի հարվածից ծառի տակ սատկել է 23 կով»,- ասվում է հոդվածում։
Երկուշաբթի առավոտյան ֆերմերի դուստրը հայտնաբերել է, որ նախիրից մոտ քսան կով է պակասել, ապա գնացել է այն վայրը, որտեղ նրանք հաճախ են արածում։ 21 կով արդեն սատկած են եղել, երկուսը կաթվածահար վիճակում են եղել, որոնք ավելի ուշ եւս սատկել են, գրել է թերթը:
«Ոմանք տասը տարեկան էին։ Դա իսկական գենետիկ աշխատանք էր։ Ես 60 տարեկան եմ, 40 տարի է, ինչ աշխատում եմ դրա վրա»,- նշել է ֆերմայի սեփականատեր Ժան-Պոլ Գրիմալը։
Սա հսկայական ֆինանսական կորուստ է ֆերմայի համար, քանի որ գործարանին կաթի մատակարարումը զգալիորեն կկրճատվի, հավելել է նա։ Այժմ ընտանիքը զբաղվում է ապահովագրական վճարների խնդրով և նախատեսում է համալրել անասնագլխաքանակը։




























