Տանիքներին արևային մարտկոցներն այսօր այլևս ոչ մեկի համար նորություն չեն: Բայց Հայաստանում դրանք հիմնականում կարելի է տեսնել մասնավոր տների կամ արտադրական շենքերի տանիքներին։ Իսկ ի՞նչ անեն բազմաբնակարան շենքերի բնակիչները, որոնք նույնպես ցանկանում են նվազեցնել իրենց էներգիայի ծախսերը՝ օգտագործելով արևային էներգիա: Հայաստանում տարեկան 300 արևոտ օր է լինում, մինչդեռ վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան դեռևս կազմում է արտադրվող ընդհանուր էներգիայի ընդամենը 3%-ը։ Banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները NEWS.am-ին օգնեցին պարզել, թե ինչպես և որտեղ կարելի է բազմաբնակարան շենքերում տեղադրել արևային մարտկոցներ, և թե արդյոք դրանց տեղադրումը ֆինանսապես արդարացնում է ծախսերը։ Նյութի վերաբերյալ օգտակար ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ նաև Banali.am -ի  Բանալիտիկ զրույցներ շարքի հերթական տեսահարցազրույցից:

Մի փոքր արևային կայանների մասին

Արևային ֆոտովոլտային կայանը բաղկացած է ֆոտովոլտային վահանակներից, փոխակերպիչից, դրանք իրար միացնող լարերից, ապահովիչներից և կրող կոնստրուկցիաներից, որոնց վրա հավաքվում են վահանակները։ Փոխակերպիչը արևի էներգիան վահանակներից փոխակերպում է փոփոխական հոսանքի։ Կայանները հիմնականում լինում են երկու տեսակի՝ On-Grid և Off-Grid, այսինքն ցանցի հետ և ցանցից անկախ աշխատող, կան նաև հիբրիդային տարբերակներ, որոնք երկուսի համատեղումն են։ Բազմաբնակարան շենքերում հիմնականում տեղադրվում են ցանցին միացող կայաններ։  

Օրենսդրությունը և պետական ​​ծրագիրը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը բազմաբնակարան շենքերի բնակիչներին հնարավորություն է տալիս միավորվել, ստեղծել խումբ, տեղադրել ֆոտովոլտային արևային կայաններ և միասին սպառել էլեկտրաէներգիա։

Բացի այդ, անցյալ տարի Երևանում մեկնարկեց «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» պետական ​​ծրագիրը, որի շրջանակում 100 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվում են արևային վահանակներ՝ կոմունալ ծախսերը նվազեցնելու նպատակով: Այս վահանակների օգնությամբ լուսավորվում են մուտքերը, գործում են վերելակները։ Ծրագիրը իրականացման փուլում է։

Արևային մարտկոցներ բնակարանի համար

Մարտկոցներ տանիքում

Հարց, որը հետաքրքրում է շատերին. կարո՞ղ եմ արևային մարտկոցներ տեղադրել տանիքում, եթե ես չեմ բնակվում վերջին հարկում: Քանի որ տանիքը պատկանում է բոլորին, ոչ միայն վերևի հարկի բնակիչներին, այս առումով վերջին հարկի և պայմանական երկրորդ հարկի բնակիչների իրավունքները նույնն են, քանի որ բազմաբնակարան շենքերում տանիքը հանդիսանում է համատեղ սեփականություն։ Սակայն շատ շենքերում 90–ական թվականներին վերջին հարկի բնակիչները ստիպված են եղել իրենց միջոցներով վերանորոգել տանիքը, և կողպել տանիքի մուտքը։ Այդ պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ տանիքի օգտագործման իրավունքը վերջին հարկի բնակիչներինն է։ Այսինքն, եթե երկրորդ հարկի բնակիչը ցանկանում է տանիքում արևային կայան տեղադրել, իրավական տեսանկյունից ոչ մի խոչընդոտ չկա։ Բայց ելնելով համակեցության կանոններից՝ ցանկալի է ստանալ բոլոր բնակիչների համաձայնությունը։ 

Մարտկոցներ պատուհանների փոխարեն

Տանիքը միակ տեղը չէ արևային մարտկոցներ տեղադրելու համար։ Դրանք կարող են տեղադրվել բաց պատշգամբներում, ինչպես նաև պատուհանների փոխարեն։ Միակ հարցն այն է, թե որքան տարածք է անհրաժեշտ ցանկալի հզորության վահանակի համար:

Վահանակների համար ֆիզիկապես տեղ է հարկավոր, և որքան այդ տեղը լինի հարավին նայող, այնքան կայանի արտադրողականությունը բարձր կլինի։ Եթե բնակարանի պատուհանները նայում են հարավ, այսինքն ժամը 14։00-ին արևն ընկնում է տուն, այդպիսի պատուհանների դիրքն առավել նպաստավոր է արևային վահանակներ տեղադրելու համար։

Ժամանակակից 2,5 քառակուսի մետր մակերեսով վահանակը արտադրում է 550 վատտ էներգիա։ Այսինքն 1 կիլովատտ դրվածքային հզորության համար անհրաժեշտ է գոնե 5 քառակուսի մետր տարածք։

Եթե պատշգամբը, կամ բնակարանի ճակատային մասը ունի այդքան մակերես, և արևային կայանի տեղադրումն այդտեղ ոչ մեկին չի խանգարում, ապա խնդիր չկա։ 

Կարելի է նաև պատուհանի փոխարեն տեղադրել թափանցիկ կայան,աշխարհում այդպիսիք գոյություն ունեն, բայց պետք է իմանալ, որ այն շատ ավելի թանկ արժե, գնի վերադարձելիությունն էլ ավելի ուշ է լինում, քանի որ ՕԳԳ-ն ցածր է։ 

Որքա՞նով է ձեռնտու արևային կայանը գումարային տեսնակյունից

Նախ՝ արևային էներգիան էկոլոգիապես մաքուր էներգիա է, երկրորդ՝ շահավետ է սպառողի համար։ Առաջին հայացքից թվում է, որ սա միջոցների հավելյալ ներդրում է, այն էլ՝ զգալի, բայց ծախսն ամբողջությամբ վերադարձվում է։

Հաշվարկը հետևյալն է.

Դիցուք, ընտանիքը ամսական սպառում է 10 000 դրամի հոսանք: Վահանակները միջինում 500-վատտտանոց են լինում։ Այսինքն, ընտանիքին անհրաժեշտ է 1,5 կիլովատանոց դրվածքային հզորության կայան, որը ենթադրում է երեք վահանակ։ Ապահովության համար կարելի է դնել 4 վահանակ։ Դրա համար անհրաժեշտ է 10 քառակուսի մետր տարածք, և այդ կայանը կապահովի 13-14 հազար դրամի հոսանքի արտադրանք։ Այսինքն, ընտանիքը մի բան էլ հոսանքի ավելցուկ կունենա։ 

Տարբեր ընկերություններ տարբեր գներով են կայանները վաճառում։ Երկու կիլովատտանոց կայանի տեղադրումը կարժենա 800 հազարից 1,2 միլիոն դրամ։ Ներդրման վերադարձը տևելու է 4-5 տարի։ Միաժամանակ, երկրում գործում են արևային էներգետիկայի վարկավորման շահավետ ծրագրեր:

Արևային էներգետիկայի վարկավորում

Այսօր Հայաստանում գործում են պետության կողմից սուբսիդավորվող էներգախնայող բազմաթիվ վարկային ծրագրեր։ էներգախնայողության ծրագրի շրջանակում Երևանում վարկերը տրամադրվում են 5 տոկոս տոկոսադրույքով, մարզային քաղաքներում՝ 3 տոկոս, գյուղական համայնքներում՝ 2 տոկոս, սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում՝ 0 տոկոս։ Սա բնակչին հնարավորություն է տալիս տեղադրել արևային կայաններ, ջրատաքացուցիչներ և զրոյացնել հոսանքի և տաք ջրի ծախսը։ 

Այս դեպքում ստացվում է, որ առանց լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնելու տեղադրվում է արևային կայան, որի միջոցով այլևս կոմունալի վճարում չի կատարվում․ ՀԷՑ-ին վճարվելիք գումարը բնակիչը վճարում է բանկին, սակայն շատ ավելի քիչ չափով։

Մեկ արևային կայանի կյանքի տևողությունը

Արտադրողները վահանակներին տալիս են 25 տարվա արտադրողականության երաշխիք և 10-12 տարվա սարքավորումային տեսանկյունից երաշխիք։ 

Ի՞նչ է նշանակում արտադրողականության երաշխիք։ Վահանակների կյանքը ժամանակի ընթացքում կրճատվում է՝ կորցնելով արտադրողականությունը։ 25 տարում այն ընկնում է ընդամենը 16 տոկոսով։ Այսինքն 25 տարի անց կայանը 84 տոկոս հզորությամբ դեռ աշխատելու է։

Էլեկտրաէներգիայի ավելցուկը կարելի է նաև պահեստավորել

Եվրոպայում շատ երկրներում ցանցը պահեստավորողի դեր չի ստանձնում և մարդիկ պանելներ տեղադրելով պարտավորվում են տեղադրել նաև մարտկոցներ։ Հայաստանում ՀԷՑ-ը ստանձնել է պահեստավորողի դերը։ Երբ տեղադրվում է արևային կայան, այն միացվում է ցանցին։ Հաշվիչը փոխվում է. միակողմանի սպառմամբ հաշվիչը դառնում է երկկողմանի, և արևային կայան տեղադրողը դառնում է նաև արտադրող։ ՀԷՑ-ն էլ իրականացնում է էներգիայի «պահեստավորում»։ 

Այս ամենը ամրագրված է նախորդ տարի Հայաստանում ընդունված էներգետիկայի օրենքում կատարված փոփոխություններով։ Այս օրենքում մեկ այլ կարևոր փոփոխություն է հաշարկային տարվա սկիզբը։ Նախկինում այն ​​համընկնում էր օրացուցային տարվա հետ։ ՀԷՑ-ը դեկտեմբերի 31-ին պահեստավորված հոսանքը հաշվանցում էր, այսինքն պարտավոր էր հոսանքը արևային կայան ունեցողից գնել արժեքի 50 տոկոսի չափով։ Քանի որ ձմեռ է, օրը կարճ է, արտադրվում է քիչ հոսանք և սպառվում շատ։ Այսինքն, կայան ունեցողը սկսում էր վճարել ՀԷՑ-ին։ Իսկ հիմա քանի որ օրացուցային տարին սկսվում է մայիսի 1-ից, ավարտվում ապրիլի 30-ին, հնարավոր է ամբողջ ամառվա արտադրանքը ՀԷՑ-ում կուտակել և ամբողջ ձմեռ սպառել՝ առանց լրացուցիչ վճարի։ 

Այսպիսով, այժմ ավելի քան ձեռնտու է արևային կայան ունենալը։

www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ մեկ պատուհան հարթակ է՝ անշարժ գույքի Ձեր բոլոր կարիքների համար: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ հնարավոր է արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն), օգտվել թե՛ անվճար հնարավորությունից, թե՛ գործակալական ծառայություններից՝ տնտեսելով ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև առանց միջնորդի տարբերակներ՝ անմիջապես տանտերերից:

Կայքն ունի հարմար ֆիլտրեր, այդ թվում՝ «Կառուցապատողի կողմից» ֆիլտրը, որն ընտրելով կարելի է ծանոթանալ շինարարական ընկերությունների նոր առաջարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ կառուցապատողի և առկա շինթույլտվությունների մասին։ Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/գնորդների շրջանում։ Banali.am-ն առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի: