Գյումրիի Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն իր 50-ամյա հոբելյանը նշում է տնակային պայմաններում: Այդ մասին գիտական հաստատության հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ նշել է ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանը:
Ներկայացնելով գիտական հաստատության անցած ուղին, Հովհաննիսյանն անդրադարձել է ինստիտուտի առջեւ ծառացած խնդիրներին, որոնք տարիներ շարունակ խանգարել ու բացասաբար են անդրադարձել գիտական գործունեություն իրականացնող կառույցի ցանկացած գիտաշխատողի աշխատանքին: Որպես առաջնային խնդիր նա նշել է հաստատության շենքային պայմանները. « 21-րդ դարի գիտնականը 21 տարի շարունակ տնակային պայմաններում է ստեղծագործում, ինչը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա: Տարիներ շարունակ ձգձգվում է ինստիտուտի շենքի շինարարությունը ֆինանսների բացակայության պատճառով»:
Անդրադառնալով երկրորդ կարեւոր խնդրին` նա նշեց. « Գիտական գործունեությամբ զբաղված մարդն այսօր մեր երկրում չունի իր ուրույն տեղը, գիտնականին տրվող աշխատավարձն այնքան ցածր է, որ շատերն ուղղակի ամաչում են բարձրաձայնել ստացած աշխատավարձի չափը: Այդ պատճառով էլ շատ երիտասարդ կադրեր ուղղակի հեռանում են ինստիտուտից: Այսօր որեւէ երիտասարդ չի համաձայնում աշխատել նվազագույն աշխատավարձով»:
Միջոցառման ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հոբելյանի առթիվ ինստիտուտի մի շարք աշխատակիցների պատվոգրեր է հանձնել, ապա անդրադարձել հնչեցված խնդիրներին:
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի իսկապես այսօր գիտական գործունեությունը հրապուրիչ չէ երիտասարդ գիտնականների համար, եւ շատերն ուղղակի չեն ցանկանում ներգրավվել այդ աշխատանքներում: «Ուստի երիտասարդներին պետք է հրապուրիչ առաջարկ ներկայացնել: Այստեղ պետությունից բացի , անելիքներ ունեն նաեւ գիտական ոլորտի մասնագետները»,-նշել է Մարտիրոսյանը:




























