Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները, եւ դա նկատում են ռուս գործընկերները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 23-ին ասել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ իրականացվում է լուրջ աշխատանք հանրային կարծիքը եւ ազգային ինքնությունը փոխելու համար։
Նա նշել է, որ Արեւմուտքը լուրջ տեղեկատվական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, եւ հակառուսական տրամադրությունները փորձ է արվում սերմանել նաեւ հետխորհրդային տարածքի երկրներում, այդ թվում Հայաստանում։
Հայաստանի իշխանությունները եւս որոշակի դեր են խաղում դեպի Արեւմուտք Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հարցում, ինչը, նրա գնահատմամբ, նշանակում է ՌԴ դուրսմղում Հարավային Կովկասից հօգուտ ՆԱՏՕ-ական Թուրքիայի։
«Միեւնույն ժամանակ, Հայաստանի բնակիչների մեծ մասը ռուսական կողմնորոշվածություն ունի, դրա համար էլ իշխանությունները դա պետք է հաշվի առնեն»,- նշել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին 30 տարում Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը շատ դրական է եղել, ինչի մասին վկայել են այն հարցումները, որոնց արդյունքներով ՌԴ-ն գրավել է առաջին տեղը բարեկամական երկրների շարքում, բայց վերջին 2-3 տարում նրա դերը սկսել է փոքր-ինչ նվազել։
Փորձագետն ավելացրել է, որ դրան զուգահեռ բարելավվում է վերաբերմունքը Իրանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հանդեպ՝ 33, 25 եւ 23 տոկոս ցուցանիշներով համապատասխանաբար։
«Ռուսաստանի դերը որպես հիմնական ներկայացուցչի, որից սպասում են ռազմաքաղաքական օգնություն, նվազել է։ Փոխարենը Իրանից այդ սպասումները ձեւավորվել են հարցման ենթարկված քաղաքացիների 40 տոկոսի մոտ, Ֆրանսիայից՝ 34, Ռուսաստանից՝ 30 տոկոսի մոտ»,- ընդգծել է նա։
Պողոսյանը դա բացատրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմով եւ հետպատերազմյան իրավիճակով, ինչպես նաեւ չարդարացված ակնկալիքներով։
Նա նշել է, որ շատ բան ինտեգրացիոն գործնթացներում կախված է նաեւ հանրային տրամադրություններից։
«ԵԱՏՄ-ի հանդեպ հասարակությունում նախորդ տարիներին նկատվում էր ավելի դրական տրամադրվածություն, քան այժմ։ 2018թ. հարցվողների 78 տոկոսը դրական է արտահայտվել այդ միության մասին, ակնկալիքները բավական բարձր էին»,- ասել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանից արտահանման ցուցանիշներն ավելացել են կրկնակի ԵԱՏՄ-ին միանալուց հետո, տուրհոսքի 40 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, աշխատանքային միգրացիայի 85 տոկոսն ուղղված է դեպի ԵԱՏՄ երկրներ, իսկ նրանց Հայաստան ուղարկած դրամական միջոցները կազմում են տարեկան ՀՆԱ-ի 15 տոկոսը։
«Սակայն եվրասիական ինտեգրացիայից էլ ավելի մեծ ակնկալիքների եւ նախագծերի իրականացման դանդաղկոտության պատճառով դրական տրամադրվածությունը նվազել է՝ հասնելով 60 տոկոսի Հայաստանում, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշն ավելի ցածր է»,- ամփոփել է սոցիոլոգը։




























