Ոչ մի կառավարություն եւ նախարարություն չի կարող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում,  շահագրգիռ չեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` բուհերում հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմերին նվիրված եռօրյա աշխատաժողովի բացման ժամանակ:

ԿԳ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է. «Վերջին երկու տարիներին կյանքի է կոչվել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարության նոր ծրագիրը, որի ընթացքին հետեւելու եւ գնահատելու հնարավորություն ունի նաեւ հասարակությունը:

Կառավարության գործունեության գնահատման նպատակով իրականացված սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները ցույց են տվել, որ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները որոշակի դրական տեղաշարժեր ապահովել են:

Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ, մենք նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից: Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն այն է, որ  ուսանողի համար գիտելիքը դեռեւս ապագա բարեկեցության երաշխիք չէ: Հասարակական հարաբերություններում գիտելիքով զինված անհատ լինելը, դեռեւս հաջողակ եւ լավ վարձատրվող մասնագետ լինել չի նշանակում: Գիտելիքի նկատմամբ իրական պահանջ մեր տնտեսության մեջ դեռ չի ձեւավորվել, բայց այդ միտումն արդեն կա: Եթե գիտելիքի պահանջարկը մեծանա, ուսանողների մոտ կրթության հանդեպ ձեւական մոտեցումը կնվազի եւ սովորելու նկատմամբ կձեւավորվի իրական պահանջարկ»:

ԿԳ նախարարը նշել է, որ  հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում, բոլոր բուհերը պարտավոր էին մշակել հակակոռուպցիոն ծրագրեր: Նրա գնահատմամբ, հակակոռուպցիոն ծրագրի իրականցումը որոշ բուհերում ձեւական բնույթ է կրել: Հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, ինչպես շեշտել է նախարար Ա. Աշոտյանը, բուհերին պետական ֆինանսներ հատկացնելու հարցում, դիտվելու է կարեւոր հանգամանք: Այս առնչությամբ նախարաըը մասնավորապես նշել է. «Հաջորդ տարվանից ներդրվելու է  ֆինանսավորման նոր համակարգ: Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, իսկ որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսեւորումներին, պետության կողմից պատվերներ չեն ստանա»: Դիմելով քննարկմանը ներկա ուսանողական միությունների ներկայացուցիչներին՝ նախարարը նշել է, որ մինչեւ տարեվերջ կրթության եւ գիտության նախարարությունը Բոլոնիայի գործընթացի շրջանակում հանդես կգա ուսանողների շահերի պաշտպանությանն ուղղված երկու կարեւոր նախաձեռնությամբ, եւ հավելել. «Քննություն ստանալ-չստանալը ուսանողի համար չպետք է ճակատագրական լինի: Եթե ուսանողությունը շահագրգիռ լինի, որ կոռուպցիան վերանա, վստահաբար շատ ավելի պահանջկոտ կլինի եւ բուհի ղեկավարության, եւ նախարարության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողները պետք է մեր լավագույն գործընկերները լինեն»:

Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի աշխատաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանայան գրասենյակի աջակցությամբ: