Թերթը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին ձերբակալելուց հետո «բենզինի գործին» զուգահեռ հայտարարվեց նաեւ ՃՈ ավտոմեքենաների «լվացման գործի» բացման մասին, սակայն շուտով այդ մասին «մոռացան»:
«Թե 6-րդ վարչությունը այդ գործը «լվաց», թե մեջն առանձնապես բան չկար, 6-րդը գործը ոնց որ թե փակեց: Բայց օրերս դատախազությունը սկսեց զբաղվել հենց «լվացման գործով»: Այժմ ՃՈ-ում ստուգումներ է սկսել Հատուկ քննչական ծառայությունը:
Սրան զուգահեռ, որպեսզի համակարգում շատ գործեր չբացվեն, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, երեւի «աուդիտի» սկզբունքով, սկսել է փակ ստուգումներ անցկացնել ՃՈ համակարգում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ստուգել են ուղեկցող վաշտի գործունեությունը: Ասում են, թե ուղեկցող անձնակազմի մի մասը իբր թե գործի պահին հետ է պահվում ու «գրդոնի» ուղարկվում: Ի՞նչ իմանաս...
Բայց «գայիշնիկները» առավել շատ իրար ականջի փսփսում են մեկ ուրիշ գործի մասին` չլինի թե մի օր բացեն նաեւ «ատեստացիայի գործը»: Ասում են, թե մոտ մեկ տարի առաջ անցկացված ատեստացիան յուրաքանչյուր «գայիշնիկի» վրա երեք հազար դոլար է նստել: Հուսանք, որ այս լուրը կհերքվի, թե չէ էս գործը միլիոնի է հասնում»,- գրել է «Հայացքը»:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Մարգար Օհանյանը, ոստիկանական 200 մեքենայի լվացման համար գումար է ստացել, բայց չի փոխանցել ոստիկաններին, փոխարենը ստիպելով, որ նրանք իրենց մեքենաները լվանան գումարով` իր մտերիմներից մեկի ավտոլվացման կետում:




























