Վերածննդի դարաշրջանի նկարիչ եւ պատմաբան Ջորջո Վազարիի ձեռագիր նամակը վերադարձվել է Տոսկանայում ապրող տերերին այն գողացվելուց 20 տարի հետո, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական ոստիկանությանը։

Նամակը գրվել է 1566թ. մարտի 18-ին եւ, ինչպես ենթադրում են, արժե 20 000 եվրո։

Վազարիի նամակը, որը կորել էր «Դեի Լաիչի եղբայրության» (Արեցո) արխիվից 2001թ., գտնվել է Լոնդոնի եւ Բրյուսելի  Sotheby's աճուրդների տան օգնությամբ, տեղեկացրել է ոստիկանությունը։

Այն պատկանում էր բելգիական մի ընտանիքի, որը հանձնել է նամակը՝ իմանալով դրա ծագման մասին։

Վազարին, որը համարվում է արվեստի առաջին պատմաբանը, ծնվել է Տոսկանայի կենտրոնական շրջանում, որտեղ ծառայել է իտալական Մեդիչի բանկային ընտանիքին եւ քաղաքական գերդաստանին Ֆլորենցիայում։

Նամակն ունի պաշտոնական տոն եւ ուղղվել է բարեգործական եղբայրությանը ֆլամանդացի գեղանկարիչ Յան վան դեր Ստրաետի, որը հայտնի է նաեւ որպես Ջովանի Ստրադանո, գործերը քննարկելու համար, որն ակտիվորեն աշխատել է XVI դարում Ֆլորենցիայում։

Նամակում Վազարին տեղեկացնում է նկարչի հոնորարների մասին, ինչպես նաեւ մեկնաբանում է նրա աշխատանքի կատարման ընթացքը։