«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի ընդունումը Հայ ազգային կոնգրեսի համար անսպասելի չէր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ու հավելել. «Որոշակի աննշան փոփոխություններ արել են: Պարզապես ես խիստ կասկածում եմ, որ դրանում առկա դրույթները նպաստելու են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»:
«Ի վերջո մենք դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ մի նպատակ ունենալով, որ ավելի մոտեցնենք Հայաստանում կյանքը, հասարակական շփումները պետական ու հասարակական կառույցները եվրոպական չափանիշներին, խորացնենք ժողովրդավարությունը եւ ամրապնդենք մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը եւ հավելեց. «Այն, ինչ վերջին 3,5 տարին անում է Վեհաժողովը, հստակ մոտեցում չորդեգրելով ու շատ հաճախ լղոզելով խնդիրը չի մոտեցնում մեզ այն նպատակներին, որ ի սկզբանե հռչակել էր Հայաստանը, իսկ ԵԽ-ն պետք է օգնած լիներ»:
Անդրադառնալով մարտի 1-ի խնդրին, որը Վեհաժողովը փակված էր համարում, Կարապետյանը նշել է, թե դա ԵԽԽՎ-ի համար է փակ: «Դա Վեհաժողովի գնահատականն է, թե ինչպես է գնահատում մարտի 1-ի սպանդը: Մենք պետք է նկատի ունենանք Վեհաժողովի այդ վերաբերմունքը: Չնայած կան որոշակի վերապահումներ, բայց մարտի 1-ը ողբերգություն է, որ եղել է Հայաստանում, եւ պետք է Հայաստանում չեզոքացնենք դրա հետեւանքները: Դա այն է, ինչ անում է Հայ ազգային կոնգրեսն իր ամենօրյա գործունեության մեջ»,- արձանագրել է նա:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» վերտառությամբ զեկույցը, որը ներկայացրել էին, Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը: Զեկույցն ընդունվել է աննշան խմբագրմամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ 40 պատվիրակ, դեմ 3-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Ի դեպ, բանաձեւի նախագծում, որ համազեկուցողները ներկայացրել էին Փարիզում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, ասված էր. «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է վերջապես համարել փակված»: Բանաձեւի նախագծում հանձնաժողովը ողջունել է քաղաքական կամքը, որ ցուցաբերել են «իշխանություններն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը այդ հարցի լուծման համար` Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների եւ խորհրդատվությունների համաձայն»:




























