Վանաձորի ավտոկայանում այսօր` հոկտեմբերի 6-ի առավոտից չեն աշխատում դեպի Երեւան մեկնող Վանաձոր-Երեւան երթուղայինները: Նշենք, որ դեպի Երեւան ուղերթի երթուղային տաքսիները հանրությանը սպասարկում են 30 րոպեն մեկ հաճախականությամբ, սակայն այսօր առավոտից, դեռեւս գիծ դուրս չի եկել ոչ մի երթուղային, Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Ավտոկայանում մարդկային կուտակումներ են, եւ սպասող ժողովրդին մինչ այս ժամը պատասխանատու որեւէ մեկը չի մոտեցել ու չի հայտնել երթուղայինների բացակայության պատճառը: Քաղաքացիների խոսքով, այս ամենը նպատակ ունի Լոռիի մարզից հնարավորինս քիչ մարդկանց թողնել դեպի երեւանյան հանրահավաքներ, մինչդեռ նրանց չնչին տոկոսն է մեկնում մայրաքաղաք` հանրահավաքներին մասնակցելու համար:
Այս վիճակը ավտոկայանում առաջին անգամ չէ, մոտ 20 օր կամ առհասարակ բացակայում են սպասարկող երթուղայինները, կամ աշխատում 2-3 ժամը մեկ հաճախականությամբ:
Խնդրի մասին փորձեցինք պազաբանումներ ստանալ «Հայավտոկայան» ընկերության Լոռիի մասնաճյուղից: Տնօրեն Սահակ Ռուբինյանի խոսքով, իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում երթուղայինների բացակայության համար. «Վանաձոր-Երեւան գիծը պատկանում է երեւանյան ՍՊԸ-ի, մենք ունենք որոշակի գումարի պայմանագիր, ու կապ չունի` երթուղայիններ գալիս են, թե` ոչ, դա մեզ չի վերաբերում, մենք մեր գումարն ամբողջությամբ ստանում ենք»,-նշեց Ս. Ռուբինյանը:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, պարզաբանումներ ստանալ երեւանյան այդ անհայտ ՍՊԸ-ից, նա պատասխանեց, որ ինքն անձամբ մի քանի անգամ զանգահարել է, բայց պատասխանատուների հեռախոսներն անջատված են, ու կապ հաստատել հնարավոր չէ: Իսկ թե երբ կկանոնակարգվի դեպի Երեւան երթուղայինների աշխատանքը, ավտոկայանի տնօրենը պատասխանեց. «Սպասեք, կլինի անպայման»:




























