Մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել Նյու-Յորքի Բրուքլին և Քվինս շրջաններում հրաձգության հետևանքով։
Ոստիկանության կարծիքով, հրաձգությունը իր բնույթով «պատահական» է եղել։
Նյու-Յորքի ոստիկանական վարչության տվյալներով, առանց համարանիշների սկուտերով տեղաշարժվող հրաձիգը կրակ է բացել Քվինս և Բրուքլին շրջանների հինգ տարբեր վայրերում։
25-ամյա տղամարդը 9 մմ տրամաչափի ատրճանակով հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնել է ոստիկանությունը շաբաթ մամուլի ասուլիսում։
«Մենք չգիտենք դրդապատճառը։ Ըստ երևույթին, իրոք պատահականություն է,- ասել է Նյու-Յորքի ոստիկանության դետեկտիվ գրասենյակի պետի օգնական Ջոզեֆ Քենին։- Տեսանյութը ցույց է տալիս, որ նա ոչ մեկին չի թիրախավորել, ոչ մեկին չի հետևել։ Պարզապես, անկանոն կրակել է մարդկանց վրա»։
Հայտնի է, որ կասկածյալը նախկինում մեկ անգամ արդեն ձերբակալված է եղել։
Ոստիկանությունը հայտնել է, որ տուժածները տղամարդիկ են եղել։





























