Ֆրանսիան հաջորդ շաբաթ՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հանգստյան օրերին, արգելել է հրավառության նյութերի վաճառքը, պահպանումն ու փոխադրումը՝ զգուշանալով անկարգությունների վերսկսումից։

«Հասարակական լուրջ անկարգությունների կանխման նպատակով հուլիսի 14-ի տոնական միջոցառումների ընթացքում մինչև հուլիսի 15-ը ներառյալ Ֆրանսիայի ամբողջ տարածքում արգելվում է հրատեխնիկական առարկաների և հրավառության նյութերի վաճառքը, կրումը, փոխադրումն ու օգտագործումը», ասվում է կիրակի Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ամսագրում հրապարակված հրամանագրում։

Հրամանը, որն անհապաղ ուժի մեջ է մտել, չի տարածվում մասնագետների և տոնի առիթով հրավառություն կազմակերպող տեղական շրջանների վրա։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը «ֆրանսիական ժողովրդի պաշտպանության զանգվածային միջոցառումներ» է խոստացել հուլիսի 13-14-ը, որոնք նա «զգայուն օրեր» է անվանել շաբաթ հրապարակված   Le Parisien թերթի հարցազրույցում։

Բորնը նաև հաստատել է, որ ֆրանսիական կառավարությունը քննարկում է երկրում վերջին անկարգություններին մասնակից անչափահասների ծնողների նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորության հարցը, տեղեկացնում է BFMTV-ն։

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենի, 12 և 13 տարեկան անչափահասներ են ձերբակալվել վերջին անկարգությունների ժամանակ։

Դարմանենը անցած հանգստյան օրերին հայտարարել էր լրագրողներին, որ ֆրանսիական ոստիկանության կողմից հազարավոր ձերբակալվածների միջին տարիքը 17-ն է եղել։