Ոչ Պարի եւ հոգու թատրոնը, ոչ Սոֆի Դեւոյանը կապ չունեն Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքի «մանսարդի» հետ, որի շուրջ աղմուկ է բարձրացել եւ վերջերս բնակիչները հանդես էին եկել նամակով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար, պարուհի Սոֆի Դեւոյանն ասաց, որ բնակիչների տարածած նամակը չի համապատասխանում իրականությանը եւ  այդ խոսքերի համար կարող է դատի տալ յուրաքանչյուրին: Նա պատմեց, որ ինքը այդտեղ բնակարան չի գնել, ցանկանում էր գնել, բայց չի գնի, քանի որ 5-րդ հարկը չի կառուցվելու արեւը փակելու պատճառով: «Դա մի հատ քանդված, ավերված տեղ էր, ես ուզում էի այդտեղ բնակարան գնել, բայց էլ չեմ գնի»,- նշեց նա` հավելելով, թե ով ցանկանում է իմանալ իրականությունը, թող գնա փաստաթղթերով մանրակրկիտ պարզի:

Անդրադառնալով Երեւանի Բաղրամյանի եւ Պռոշյանի փողոցների մի խումբ բնակիչների նամակին, որում նրանք նշում էին, որ Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան ապագա «մանսարդը» զրկելու է իրենց տներն արեւից, նա նշեց, որ այդտեղ «օրենքով ոչ մեկի արեւն էլ չեն փակում»: Դեւոյանը հայտարարեց, որ առհասարակ գերադասում է չարձագանքել այդ ամենին` նշելով, թե «թող խոսեն, ինչքան ցանկանում են»:

«Ինչպե՞ս կարող է Պարի եւ հոգու թատրոնը արեւը փակել, Պարի եւ հոգու թատրոնը արեւ է տալիս ժողովրդին, ոչ մեկին նեղություն չի տալիս: Բոլորին հետաքրքրում  է, թե Սոֆի Դեւոյանն ինչ է հագնում, ոնց է շնչում, ինչ է ուտում: Մոռացել են, որ Սոֆի Դեւոյանը 1000 պար է բեմադրել,  որ 8 ներկայացում է դրել, 15 մանկական ներկայացում է գրել, այդ ամենը ոչ մեկին պետք չէ: Ես զարմանում եմ, որ մարդիկ արվեստը մոռացել են եւ ընկել են չգիտեմ ինչերի հետեւից»,- ասաց նա: Սոֆի Դեւոյանը հիշեց նաեւ Ջիվան Գասպարյանի տան կառուցման պատմությունը եւ դրա շուրջ առաջացած աղմուկը` նշելով, որ «բա ամոթ չի՞ ազգին, էդ մարդը արժանի չէ՞ր, էս ի՞նչ խոսակցություններ են»:

Հիշեցնենք, որ բնակիչների նամակում նշվում է, որ կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի եւ կողքի առանձնատների միջեւ չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարեւան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, եւ, ամենակարեւորը, կառուցվող շենքի պատճառով հարեւան տները այլեւս չի թափանցում արեւը:

Ի դեպ, ավելի վաղ Երեւանի Ալեք Մանուկյան 15–րդ շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչները դիմում-կոչ էին հղել ՀՀ նախագահին, որով խնդրում են արձագանքել իրենց խնդրանքին եւ թույլ չտալ դուդուկահար Ջիվան Գասպարյանին անձնական օգտագործման ճանապարհի կառուցման հաշվին կրճատել երեխաների խաղահրապարակի տարածքը եւ կանաչ տարածքներ ոչնչացնել։