Հայաստանը շատերը լքում են, եւ ամեն մեկը յուրովի է բացատրում հայրենիքը լքելու պատճառը, բայց մեծամասնությունն, այնուամենայնիվ, նշում է սոցիալական վատ պայմանների հանգամանքը։ Սակայն կան մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան նույնիսկ այդքան «բաղձալի» Եվրոպայից։ Գալիս են, որ ապրեն։
NEWS.am-ը զրուցել է նրանցից մեկի հետ։ Ֆրեդ Դովլաթը ֆրանսահայ է, ծնվել է Փարիզում, հետո մեկնել ապրելու Բելգիա։
«Առաջին անգամ Հայաստան եկա 12 տարի առաջ։ Հետո վերադարձա Բելգիա, ապա սկսեցի շրջել մերձավոր Արեւելքով։ 11 տարի առաջ լքեցի Բելգիան։ Ապրել եւ աշխատել եմ Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Էմիրություններում՝ Դուբայում։ Դուբայում աշխատելու ընթացքում ծանոթացա հայերի հետ, նրանցից մեկը Սիսիանից էր։ Մի անգամ, նա ինձ հրավիրեց իր հետ կրկին այցելել Հայաստան, եւ մասնավորապես՝ Սիսիան»,- պատմեց Ֆրեդը, ով արդեն հասուն մարդ է, ամուսնացած, հասուն երեխայի հայր, մասնագիտոթյամբ դիզայներ։
«Ես սիրահարվեցի Սիսիանին։ Բելգիայում մնացել էր արվեստանոցը։ Դա մոտ 7 տարի առաջ էր, վերադարձա Բելգիա, ամբողջը լցրեցի մի կոնտեյների մեջ, եվ վրան նշեցի ուղարկելու հասցեն. «Հայաստան՝ Սիսիան»։ Իսկ հինգ տարի առաջ վերջապես տուն գնեցի Սիսիանում, եկեղեցու մոտ։ Չեմ կարող ամբողջությամբ բացատրել, թե ինչո՞ւ եմ հատկապես այդքան սիրում Սյունիքի այդ լեռնոտ ու ցուրտ բնակավայրը, բայց այնտեղ բնությունը հրաշալի է, օդը մաքուր, իսկ երբ ձմեռ է, այնտեղ պարզապես շատ գեղեցիկ է։ Դե իսկ մարդիկ… մենք մի ընտանիքի պես ենք, ես կարող եմ ասել, որ իմ քաղաքում շատ մարդկանց ընտանիքի անդամ եմ»,- ասաց Ֆրեդ Դովլաթը եւ ավելացրեց, որ ինքը երեք տեսակի հայեր է ճանաչում՝ սփյուռքահայ, երեւանցի եւ սիսիանցի։
«Թող ինձ մյուսները ներեն, բայց իմ քաղաքի բնակիչները ինձ ավելի հոգեհարազատ են։ Երեւանում էլ շատ են ընկերական մարդիկ, բայց երբ այցելում եմ Սիսիան, դա ինձ համար տոն է։ Հարեւաններիս հետ գնում ենք ձուկ որսալու, հետո մեկը հրավիրում է իր տուն հյուրասիրելու, ես եմ հրավիրում իմ տուն, ու այդ ընտանեկան ու ընկերական միջավայրը ինձ համար շատ կարեւոր է։ Եղանակը ցուրտ է, բայց այնտեղ չկա եվրոպական սառնություն, կամ սնոբիզմ։ Իսկ Եվրոպայում ձանձրալի է»,- ասաց հայրենադարձ ֆրանսահայը։
Ֆրեդը վերջնականապես Հայաստան է տեղափոխվել 3 տարի առաջ։ Նա մինչեւ այդ աշխատում էր Դուբայում, իսկ երբ ավարտում է պատվիրատուի համար դիզայներական աշխատանքը, որոշում է գալ Հայաստան։
«Պարզապես ինտերնետում սկսեցի որոնել, արդյոք Հայաստանում կա՞ դիզայների աշխատանք, ու մի գործ գտա։ Եկա այստեղ, իսկ սեփական տանիք արդեն ունեի։ Այս տարի արդեն համատեղ հայ-ֆրանսիական դիզայներական ընկերություն հիմնեցինք անունն է «Մայրենի Լեզու»։ Ինչո՞ւ մայրենի լեզու, որովհետեւ մայրենի լեզուն այն լեզուն է, որը քո սեփականն է, եւ որով խոսում են քեզ շրջապատողները։ Ճիշտ է ես հայերեն գրեթե չեմ խոսում, բայց իմ հաճախորդների հետ, ովքեր հայեր են, շփվում ենք մայրենիով, այսինքն՝ միմյանց լավ ենք հասկանում»,- նշեց Ֆրեդը։
«Վերջերս Հայաստանում ներկայացված ֆրանսիական ընկերություններով ստեղծել ենք ֆրանս-հայկական գործարար ակումբ, որը երկու երկրների միջեւ բիզնեսի ու մշակութային կապերի զարգացմանն է ուղղված։ Այս ընդհանուր հարթակը հնարավոր է ավելի ակտիվացնի երկու երկրների գործարար կապերում։ Նախագահ Սարկոզիի այցից հետո, եթե լուծվի մուտքի վիզայի տրամադրման բարդությունների հարցը, որը կարեւոր խնդիր է, ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն, շփումը կավելանա։ Լավ կլինի, որ Հայաստանն էլ վերանայի ռեզիդենտի կարգավիճակի գումարները, քանի որ այն բավականին մեծ գումար արժե, ու մի քիչ էլ հարկերը թեթեւացնեն, ինչը ներդրողների համար գրավիչ կդարձնի Հայաստանը»,-նշեց Ֆրեդը։
«Ես գիտեմ, որ Հայաստանում ապրող հայերը հյուրերի ներկայությամբ շատ են հպարտանում, որ հայ են, հայաստանցի են, բայց իրար հետ խոսելիս ասում են. «էս երկիրը երկիր չի» եւ ցանկանում են գնալ։ Բայց Հայաստանը իսկապես լավ երկիր է։ Ես լավատես եմ, եւ վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է ընթանալու»,- ասաց սիսիանցի դարձած փարիզցի Ֆրեդը, ու վերջում արդեն հայերեն ավելացրեց «պետք է համբերություն. կամաց-կամաց»։




























