Վերջերս մամուլում շրջանառվում է, թե ֆրանսահայ հայտնի երգիչ Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգի բառերը իրենը չեն, այլ մանկագիր Պատվական Խաչատրյանինը, ինչպես պնդում է մանկագրի դուստրը՝ Գայանե Խաչատրյանը։ Նա ասում է, թե Յորգանցը երբեւէ չի նշել երգի խոսքերի հեղինակի անունը: Ինչպես թերթին տեղեկացրել է Յորգանցը, երգի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ ինչ վերաբերում է բառերին, ապա հնարավոր է, որ այն բանաստեղծությունից լինի։

«Ուղղակի բանաստեղծի անունը չգիտեի»,- ասել է նա:Յորգանցը վստահեցրել է նաեւ, որ այսուհետ բոլոր հնարավոր դեպքերում անպայման կնշի, թե ով է երգի բառերի հեղինակը, եւ շնորհակալ է Խաչատրյանից՝ արձագանքի համար: «20 տարի առաջ ես գտել եմ այդ բանաստեղծությունը եւ 2 տուն վերցրել դրանից, իսկ կրկներգն ու մի տունն ինքս եմ գրել եւ երաժշտություն հորինել»,- հայտնել է երգիչը: