ՄԱԿ-ի տվյալներով՝ Սուդանի Արեւմտյան Դարֆուր շրջանում ընդհանուր գերեզմանոցում հայտնաբերվել է առնվազն 87 մարմին: Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ մարդկանց բռնի մահվան եւ զանգվածային թաղման համար պատասխանատու են արագ արձագանքման ուժերը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը։
Ըստ նրա տվյալների՝ շրջանի բնակիչներին ստիպել են ազատվել զոհվածների մարմիններից։ Նրանց գերեզմանատներից մեկում արժանապատվորեն թաղելու փոխարեն մարմինները թաղել են Էլ Գենեյն քաղաքի մոտակայքում գտնվող բաց տարածքում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Սուդանական բանակի՝ անցումային սուվերեն խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթթահ Ալ Բուրխանի գլխավորությամբ, որը դե ֆակտո երկրի նախագահն է, եւ արագ արձագանքման ուժերի միջեւ ռազմական գործողությունները շարունակվում են ապրիլի 15-ից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սուդանում հակամարտության հետեւանքով զոհվել է առնվազն 1800 մարդ, հազարավոր մարդիկ վիրավոր են։





























