Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում՝ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիվացման ֆոնին։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը Telegram-ի իր ալիքում։
Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արդեն երկար տարիներ դիտվում է որպես անհույս։ Եվ ինչ-որ հանգուցալուծումներ գտնելու ցանկացած փորձ միայն կարճաժամկետ հետաքրքրություն է առաջացնում։ Մինչդեռ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի 11-ի հայտարարությունները, Մարկեդոնովի տեսանկյունից, արժանի են ուշադրության:
«Գրիգորյանը հանրապետության կառավարության այն ներկայացուցիչն է, ով ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Դա նշանակում է, որ նա ոչ թե պարզապես գիտի ինսայդները, այլ ձեւավորում է դրանք: Երկրորդ, նա ակտիվ հանրային գործիչ է, հայկական իշխանության շատ վերաբերմունքներ նա հասցնում է լայն հանրությանը»,-նշել է Մարկեդոնովը։ Նա առանձնացրել է ԱԽ քարտուղարի մի քանի առանցքային գաղափարներ. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը չի արդարացնում սպասելիքները, Ղարաբաղի հայերի խնդիրը ոչ թե տարածքների, այլ քաղաքացիական իրավունքների մասին է, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատկապես կարեւոր են, դրանք պետք է ամեն կերպ ամրապնդել եւ զարգացնել։
«Կարելի է, իհարկե, ամեն ինչում մեղադրել Հայաստանի արեւմտամետ քաղաքական գործիչներին, եւ նման քննադատական պաթոսը ինչ-որ բանում կարդարացվի։ Ինչ-որ մեկը կհիշի (արդարացիորեն) Ռուսաստանի զբաղվածությունն Ուկրաինայով։
Հանուն օբյեկտիվության արժե հիշատակել նաեւ Կովկասի հետ մեր աշխատանքը «մնացորդային սկզբունքով» (ոչ թե 2022 թվականից, այլ շատ ավելի վաղ), եւ տեղեկատվական աշխատանքում մեր առաջընթացները»,-նշել է Մարկեդոնովը։
Նա կարծում է, որ Հայաստանը՝ նախընտրելով ԱՄՆ-ն, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա լավ մխիթարանք չէ։ «Մյուս կողմից, պետք չէ հիստերիաների մեջ ընկնել։ Պետք է գիտակցել, որ Ռուսաստանը կորցնում է իր քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում»,-կարծում է քաղաքագետը։
Մարկեդոնովի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մոդերացիայի ժամանակ շրջանակային համաձայնագիրը կուժեղացնի այդ միտումը։ Մրցակցությունը նույնպես դատավճիռ չէ, այն կարելի է եւ պետք է հաղթել։ Բայց հիմա Մոսկվան, Մարկեդոնովի խոսքով, ներգրավվում է այդ մրցույթում՝ կորցնելով հավասարների մեջ առաջինի ոչ պաշտոնական կարգավիճակը։ «Անդառնալի չէ, բայց տագնապի հիմքեր կան։ Սխալների վրա լուրջ աշխատանքը չափազանց կարեւոր է: Այն պայմաններում, երբ ժամանակը չի սպասում»,-եզրափակել է նա։





























