«Կեչառիս»-ի մերձակայքում կատարվելիք շինարարության նախագիծը քննարկման չի դրվել մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, թերի լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման խնդրի առնչությամբ Կոտայքի մարզպետի կողմից ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերյալ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշման մասին:

Հոկտեմբերի 5-ին, նախարարը պատասխան նամակով հայտնում է, որ հասարակական օբյեկտի կառուցապատման  էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող եկեղեցապատկան հողերում «հարսանյաց սրահի», «ուտել-խմելու տեղի» շինարարություն է ընթանում: