Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին, ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորանքում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն, առողջություն եւ բարեկեցություն: Մաղթում եմ Ձեզ նաեւ նորանոր նվաճումներ եւ արդյունավետ աշխատանք հանուն Ռուսաստանի եւ նրա ժողովրդի բարօրության:
Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն անգնահատելի ավանդի համար, որ Դուք ներդնում եք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային փոխհարաբերությունների զարգացման եւ կատարելագործման գործում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր եղբայրական ժողովուրդների համագործակցությունն այսուհետ եւս դինամիկ կզարգանա` լրացվելով նորանոր բովանդակությամբ:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 59-ամյակի առթիվ եւ մաղթել հաջողություններ Ձեր դժվար եւ պատասխանատու գործունեության մեջ»:




























