Ճապոնիայում առնվազն 3 964 մարդ հուլիսի 3-9-ին հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով, ցուցանիշն անցած շաբաթվա համեմատ ավելացել է 737 մարդով։ Այս մասին Տոկիոյում, մամուլի ասուլիսում հայտարարել է վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարար Տակեակի Մացումատոն։
«Տուժածների կեսից ավելին տարեց մարդիկ են։ Մենք բնակչությանը կոչ ենք անում պահպանել ջերմային հարվածի դեմ պայքարի բազային միջոցները՝ ներառյալ բավականաչափ ջրի օգտագործումը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։
Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար հուլիս-օգոստոսին է։ Վերջին օրերին երկրի բազմամարդ շրջաններում գրանցվել է Ցելսիուսի 35 աստիճանից բարձր ջերմաստիճան։ Ճապոնիայում ամեն տարի ջերմային հարվածը դառնում է տասնյակ հազարավոր մարդկանց հոսպիտալացման պատճառ, գրանցվում են մահվան հարյուրավոր դեպքեր։




























