Չեխիան ԱՄՆ-ին կարտահանձնի վրաստանաբնակ ադրբեջանցի քրեական հեղինակությանը, որը մեղադրվում է լրագրողի սպանության մեջ։ Պրահայի քաղաքային դատարանը մայիսի վերջին որոշում կայացրեց, որ Օմարովը կարող է արտահանձնվել Միացյալ Նահանգներին, ինչպես նաեւ Վրաստանին եւ Ղազախստանին, որոնք նույնպես պահանջել են նրա արտահանձնումը Չեխիայից՝ պատասխանատվության ենթարկման համար...
Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը կարգադրություն է ստորագրել հանրապետությունում կալանավորված ազգությամբ ադրբեջանցի, քրեական հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Փոլադ Օմարովին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Pravo թերթը։ Օմարովի արտահանձնման գործընթացը պետք է իրականացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ձերբակալության միջազգային որոշման հիման վրա նա հունվարին կալանավորվել է Չեխիայում եւ այդ ժամանակվանից գտնվում է կալանքի տակ։
Նրա ձերբակալությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ԱՄՆ դատախազները մեղադրել են Արեւելյան Եվրոպայի երեք քրեական հեղինակությունների, որոնք կապված են Իրանի իշխանությունների հետ, ԱՄՆ-ում բնակվող իրանցի լրագրող և իրավապաշտպան Մասիհ Ալինեջադի սպանությունը կազմակերպելու մեջ։ Պրահայի քաղաքային դատարանը մայիսի վերջին որոշում է կայացրել, որ Օմարովը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին, ինչպես նաև Վրաստանին եւ Ղազախստանին, որոնք նույնպես պահանջել են նրան արտահանձնել Չեխիայից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Չեխական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Օմարովը ղեկավարել է կազմակերպված հանցավոր խումբը, որը ահաբեկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ադրբեջանական համայնքները:





























