Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հասարակական կոչի համար վրաց ժողովրդին պատահական չի ընտրել: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Փոխվարչապետի խոսքով, նախագահ Սարկոզին ինքն է ցանկություն հայտնել դիմել վրաց ժողովրդին: «Մեզ համար շատ հաճելի է այդ հանգամանքը  եւ կարծում եմ, որ Սարկոզին Վրաստանը պատահական չէ, որ ընտրել է: Ինչպես նշվեց   «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ, փոփոխությունների տեսանկյունից Արեւելյան Եվրոպայում Վրաստանն առաջնորդ պետություն է համարվում»,-ընդգծել է փոխվարչապետը, կարծելով, որ վրաց հասարակությունը արժանի է Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսությանը:

Հիշեցնենք, որ այսօր, Հարավային կովկասյան շրջագայության շրջանակներում Վրաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա հետ Վրաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի էնեգետիկայի նախարար Էրիկ Բեսոնը, Համագործակցության հարցերով նախարար Անրի Դե Ռենկուրը, Տրանսպորտի նախարար Տիեր Մարիանը եւ Արտաքին առեւտրի հարցերով նախարար Պիեռ Լելուշը:

Սարկոզին այսօր` առավոտյան Երեւանից մեկնել է Բաքու, ապա նաեւ` Թբիլիսի: