Ռեստորաններում մատուցվող կերակուրները հաճախ երկու անգամ ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան նշված է կերակրացանկում, ցույց են տալիս Գրինվիչի համալսարանի հետազոտողների թեստերը։ Փորձի արդյունքները ներկայացվել են The Sunday Times-ում։

Փորձի ընթացքում ձեռք են բերվել կերակուրների 20 նմուշներ Մեծ Բրիտանիայի հանրահայտ տասը ռեստորանների ցանցից, ներառյալ Pizza Express-ը, Dishoom-ը, Leon-ը եւ Las Iguanas-ը։ Հետո կերակուրները թեստավորվել են լաբորատորիայում. գիտնականները հաշվել են յուրաքանչյուր կերակրի կալորիաները։

Հայտնաբերվել է, որ կերակուրների միայն կեսն է տեղավորվել փաստացի եւ հայտարարված կալորիաների միջեւ թույլատրելի 20 տոկոս տարբերության մեջ։

Հինգ նմուշներում կալորիականությունը զգալիորեն ավելի բարձր էր, քան նշված էր, իսկ մյուս հինգում՝ զգալիորեն ավելի ցածր։ Հեղինակները դա բացատրում են նրանով, որ թիմի ստացած կերակրատեսակները կարող էին լինել սովորական կերակրաբաժնից ավելի շատ կամ քիչ։

«Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սպառողները չպետք է կերակրի էներգետիկ արժեքի մասին տեղեկությունն օգտագործեն որպես կերակրացանկի ստույգ գնահատական։ Կերակուրների կալորիականության մշտական հսկումը հանգեցնում է տագնապայնության առաջացման եւ սննդային վարքի խանգարման, ուստի մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն չդարձնել կերակրացանկում նշված թվերին»,- նշել են հետազոտողները։