Եթե Տավուշի մարզում, ողբերգության հանգեցրած սողանքի գոտում ժամանակին ուսումնասիրություններ կատարվեին, հնարավոր է չիներ այն, ինչ ունենք այսօր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության  ինստիտուտի երկրաֆիզիկ Ռոլան Գասպարյանը:

«Ուսումնասիրությունների ու կանխարգելման համար ավելի քիչ գումար կպահանջվի, քան սողանքից հետո հետեւանքները վերացնելու համար, բայց չինովնիկները չգիտես ինչու սովորել են հեշտ ճանապարհը՝ ասել, որ գումարներ չկան»,- նշել է նա:

Ըստ մասնագետի՝ հանրապետությունում շուրջ 3000 սողանքային նման օջախ կա, Շիրակի մարզում ակտիվ են սողանքները  Ջաջուռում, Առափիում, Գյումրիում, որոնցիցի ամենավտանգավորը Ջաջուռի սողանքն է:

«Այդ գոտին  ունի ռազմավարական նշանակություն: Ախուրյան գետի աջ ու ձախ ափերը եւս ակտիվ սողանքային գոտիներում են: Առափիի սողանքի դեմն այլեւս հնարավոր չէ առնել»,- հայտարարել է Ռոլան Գասպարյանը, հավելելով, որ պետք է մարդկանց տարհանել ու գյուղն ամբողջությամբ դատարկել:

Գյումրիում սողանքային գոտիներ են Չերքեզի ձորի ափերն ու Կենտրոնական այգու արեւմտյան հատվածը:

Նշենք, որ պաշտոնապես հաղորդվել է, որ ամենայն հավանականությամբ, սողանքի պատճառը վերջին շրջանում այդ տեղանքում տեղացած անձրեւներն են եւ դրանից օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժը:

Մասնագիտական եզրակացությունը հետեւյալն է.

1. Գրունտների քանդված եւ տեղաշարժված զանգվածը գտնվում է անկայուն վիճակում եւ մշտապես տեղաշարժվում է:

2. Սողանքի թիկունքում, բլրի գագաթնային մասում գտնվող ընդարձակման ճեղքերը վկայում են, որ փլուզումներն ու սահքը դեռ տեւական ժամանակ կշարունակվեն:

3. Վերը շարադրված դիտարկումներն ու եզրակացությունը նախնական բնույթ են կրում: Սողանքի բնույթի եւ վտանգի աստիճանի մասին լիարժեք դատողությունների համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ:

4. Լրացուցիչ հետազոտություններ անհրաժեշտ է իրականացնել, նախ եւ առաջ, սողանքի թիկունքում` բլրի գլխին:

5. Միայն լրացուցիչ հետազոտություններից հետո կարելի է որոշում ընդունել ավտոմայրուղու վերականգնման անվտանգության կամ նորի ընտրության վերաբերյալ:

6. Սողանքի թիկունքում ընդարձակման ճեղքերի առկայությունը վտանգավոր է դարձնում ծանր տեխնիկայի կիրառմամբ փրկարարական աշխատանքների իրականացումը, մասնավորապես` սողանքի հարավային ճակատում:

Նշենք, որ արդեն որոնողափրկարարական աշխատանքների 7-րդ օրն է, բայց մեքենաներն ու անհետ կորածներին դուրս բերել չի հաջողվում: