Իսրայելի աշխատանքային վեճերի դատարանը երեքշաբթի ընդունել է  հայցն ընդդեմ գործադուլի, որը նախօրեին հայտարարել էր բժիշկների արհմիությունն ի նշան բողոքի. Կնեսետը հուլիսի 24-ին հաստատել էր այսպես կոչված խելամտության սկզբունքի մասին օրենքը, որը դատական բարեփոխման ամենավիճելի եւ կարեւոր տարրերից մեկն է, տեղեկացրել է The Jerusalem Post թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ առողջապահության նախարարը գիշերը հայտարարել էր, որ մտադիր է գործադուլի դատական արգելք ստանալ, քանի որ այն կարող է հանգեցնել պետական հիվանդանոցների աշխատանքի խափանման եւ «վնաս հասցնել պացիենտներին»։

Հուլիսի 24-ին Իսրայելի բժիշկների արհմիությունը ազդարարել էր երեքշաբթի օրն անցկացվելիք 24-ժամյա գործադուլի մասին՝ ի նշան բողոքի, քանի որ խորհրդարանը հավանություն էր տվել դատական բարեփոխման առաջին մասին, որն առաջացրել է ընդդիմության վճռական անհամաձայնությունը։ Գործադուլի ընթացքում որոշ բժիշկներ Իսրայելում երեքշաբթի առավոտյան մասամբ անցել են հանգստյան օրվա ժամանակացույցի, բայց շտապ բուժօգնության բաժանմունքները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, նշել է The Jerusalem Post-ը։