Թուրքական Anka անօդաչու թռչող սարքի փորձարկումները տեղի են ունենում Ղազախստանի Ժամբիլի մարզում, իսկ օգոստոսից այն կընդգրկվի զորքերի զինանոցում։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարության Sarbaz պարբերականը։

«Թեստային թռիչքները առաջին փուլերից մեկն են։ Խնդիրը համալիրն ստուգելն է։ Համալիրի փորձնական բանակային շահագործումը նախատեսվում է 2023թ. օգոստոսին եւ տեւելու է մինչեւ 2024թ. մարտ»,- պարբերականը մեջբերել է Ղազախստանի Զինված ուժերի Անօդաչուների մարտական պատրաստության եւ մարտական կիրառության ուսումնական կենտրոնի պետ Շոհան Մուսաբեկովի խոսքերը։

Փորձարկումներին մասնակցում են հանրապետության զորամասերից մեկի թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմը, Turkish Aerospace Industries ընկերության ներկայացուցիչները, նշել է պարբերականը։ Թռիչքային թեստերից առաջ տեխնիկան ենթարկվել է միջանկյալ ստուգման եւ տեխնիկական ընդունման, իսկ մասնագետներն ավարտել են  պատրաստությունը Թուրքիայում։

Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունում ավելի վաղ տեղեկացրել էին, որ մայիսի 10-ին Անկարայում ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության հուշագիր Kazakhstan Engineering եւ Turkish Aerospace ընկերությունների միջեւ։ Փաստաթղթի համաձայն՝ Ղազախստանում կկազմակերպվեն Anka հարվածային անօդաչուների հավաքման եւ տեխնիկական սպասարկման արտադրագծեր։ Հանրապետությունն առաջին արտասահմանյան երկիրն է, որտեղ բացվել է այդ անօդաչուների արտադրությունը։

Anka անօդաչուի թեւերի բացվածքը 17,5 մետր է, երկարությունը կազմում է 8,6 մետր, բարձրությունը՝ 3,2 մետր։ Սարքի քաշը 1,7 տոննա է, անօդաչուն կարող է կրել 350 կիլոգրամ բեռ եւ դրանով օդում գտնվել մինչեւ 30 ժամ։ Anka-ի կրեյսերական արագությունը մոտ 200 կիլոմետր/ժամ է, այն կարող է բարձրանալ 9,1 հազար մետր։