Չինաստանի խորհրդարանը հայտարարել է, որ Ցին Գանը հեռացվում է  արտաքին գործերի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին, վկայում է Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի Մշտական կոմիտեի 4-րդ նստաշրջանի որոշումը, որի տեքստը հրապարակել է «Սինհուան»։

«Քվեարկության արդյունքում ընդունվել է որոշում՝ հեռացնել Ցին Գանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից, նշանակել Վան Իին արտաքին գործերի նախարար»,- նշվել է փաստաթղթում։

Նիստում նախագահում էր Մշտական կոմիտեի ղեկավար Չժաո Լեցզին, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Կադրային փոփոխությունների պատճառների մասին չի նշվում։

Չինական ԱԳՆ-ի ղեկավարի «անհետացման» թեման արեւմտյան ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ հուլիսի 11-ին գերատեսչությունը տեղեկացրեց, որ Ցին Գանը առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել АСЕАН-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի էր ունենալու Ջակարտայում։ Այն ժամանակ նրա փոխարեն Ինդոնեզիա էր գնացել Վան Ին։

Այդ ժամանակվանից Չինաստանի ԱԳՆ-ն որեւէ լրացուցիչ տեղեկություն նախարարի գտնվելու վայրի եւ առողջական վիճակի մասին չի տվել՝ չնայած լրագրողները ճեպազրույցներում քանիցս այդ մասին հարցեր էին տալիս։

Ցին Գանը ծնվել է 1966թ. մարտին Տյանցզինում։ 1988-ից զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ, այդ թվում 2010-2011թթ. գլխավորել է Չինաստանի դեսպանությունը Լոնդոնում։ 2018-2021թթ. եղել է արտաքին գործերի փոխնախարար, 2021թ. հուլիսից՝ դեսպան ԱՄՆ-ում։ Արտաքին գործերի նախարար դարձել էր 2022թ. դեկտեմբերի 30-ին։