ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահպանել է դիրքերն ընտրողների շրջանում, որոնք աջակցում են հանրապետականներին։ Նա Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի դեմ ամենաուժեղ թեկնածուն է գալիք նախագահական ընտրություններում, վկայում է Մոնմութի համալսարանի իրականացրած հարցումը։

«Հանրապետական ընտրողների մոտ կեսը (45 տոկոս), ներառյալ նրանց, ովքեր համակրում են Հանրապետական կուսակցությանը, ասում է, որ Թրամփը հաստատ ամենաուժեղ թեկնածուն է 2024թ. Բայդենին հաղթելու համար, եւս 24 տոկոսի կարծիքով՝ նա, հավանաբար, ամենաուժեղն է»,- նշվել է հոդվածում։

Ընտրողների մնացած 31 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ ներկա նախագահին հաղթելու շանսեր ունի ինչ-որ մեկն այլ թեկնածուների ցուցակից։ Հանրապետական կուսակցության 14 թեկնածուների 54 տոկոսն աջակցում է Թրամփի թեկնածությանը, նրան հաջորդում են Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը եւ գործարար Վիվեք Ռամասվամին՝ 22 եւ 5 տոկոս համապատասխանաբար։

Մոնմութի համալսարանի հարցումը իրականացվել է հեռախոսով եւ օնլայն ձեւաչափով, 2023թ. հուլիսի 12-19-ին, մասնակցել է 681 ընտրող, որոնք համակրում են Հանրապետական կուսակցությանը։ Վիճակագրական վրիպանքը կազմում է մոտ 5,9 տոկոսային կետ։

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2024թ. նոյեմբերին։ Թրամփը 2022թ. նոյեմբերին հայտարարել է, որ մտնում է նախագահական աթոռի համար պայքարի մեջ։ Ապրիլին պետության գործող ղեկավար Ջո Բայդենը եւս պաշտոնապես հայտարարել է, որ կպայքարի երկրորդ ժամկետի համար, որպեսզի «ավարտին հասցնի սկսածը», եւ գործարկել է ընտրարշավի կայքը։ Եթե դա նրան հաջողվի, նախագահական երկրորդ ժամկետի սկզբին նա կլինի 82 տարեկան։

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը  հրապարակել էր այն հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին (51 տոկոս) Դոնալդ Թրամփին համարում է ուժեղ առաջնորդ, այն դեպքում, երբ գործող նախագահ Ջո Բայդենին այդպիսին է համարում միայն մեկ երրորդը (33 տոկոս)։