Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Անկարայում կընդունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
«Նախագահը կընդունի Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իին նախագահական պալատում ժամը 14.30-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Սպասվում է, որ Անկարայում Վան Իի հետ կհանդիպի նաեւ Թուրքիայի ատաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են, տարածաշրջանային եւ միջազգային հարցերը։
Ավելի վաղ Xinhua գործակալությունը տեղեկացրել էր, որ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) Մշտական կոմիտեն պաշտոնից հեռացրել է արտաքին գործերի նախարար Ցին Գանին, որը պաշտոնավարել է ոչ լրիվ յոթ ամիս։ Այդ պաշտոնին նորից նշանակվել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Վան Ին։





























