ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հուլիսի 28-29-ին կայցելի Ավստրալիա եւ կհանդիպի զինծառայողների հետ, որոնք մասնակցում են 13 երկրների Զինված ուժերի Talisman Sabre խոշորածավալ զորավարժություններին, դրանք սկսվել են  հուլիսի 21-ին։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Նախարարը կմիանա պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որպեսզի հանդիպի գործընկերների հետ Ավստրալիայի եւ ԱՄՆ նախարարների 33-րդ ամենամյա խորհրդակցությունների ժամանակ։ Այնուհետեւ նա կհանդիպի ԱՄՆ եւ Ավստրալիայի զինծառայողների հետ, որոնք մասնակցում են Talisman Sabre լայնածավալ զորավարժություններին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ամերիկա-ավստրալական «երկու գումարած երկու» ձեւաչափով (AUSMIN) խորհրդակցությունները պետք է տեղի ունենան Բրիսբենում հուլիսի 28-ին եւ 29-ին, նշել են ամերիկյան ռազմական գերատեսչությունում։ Նախատեսվում է, որ դրանց ընթացքում Բլինքենը եւ Օսթինը բանակցություններ կվարեն Ավստրալիայի ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարներ Փենի Վոնգի եւ Ռիչարդ Մարլզի հետ։ Օրակարգում «Հնդկա-խաղաղօվկիանոսյան ազատ եւ բաց տարածաշրջանի ընդհանուր տեսլականի» քննարկումն է, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հարցերը անվտանգության, մաքուր էներգետիկայի եւ կլիմայի պաշտպանության ոլորտներում։

Talisman Sabre երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում է 30 հազար զինծառայող 13 երկրներից։ ԱՄՆ մասնագետների ղեկավարությամբ նրանք կատարում են «մանեւրներ՝ ուղղված օպերատիվ փոխգործակցության կատարելագործմանը եւ համագործակցության ամրապնդմանը զինված ուժերի միջեւ»։ Նախատեսվում է, որ վարժանքների շրջանակում կկատարելագործվի թիկունքի ապահովման ծառայությունների փոխգործակցությունը, կիրականացվեն ծովային դեսանտի իջեցումներ, ցամաքային զորքերի մանեւրներ, օդային եւ ծովային գործողություններ։ Մասնակից երկրների շարքում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Պապուա-Նոր Գվինեան, ԱՄՆ-ն, Տոնգան, Ֆիջին, Ֆրանսիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Ֆիլիպինների, Սինգապուրի եւ Թաիլանդի ներկայացուցիչները ներկա են դիտորդի կարգավիճակով։