Նիգերի զինվորականները հայտարարել են, որ տապալել են նախագահ Մոհամեդ Բազումին, տեղեկացրել է Reuters-ը։

«Նիգերի զինվորականները ելույթ են ունենում ազգային հեռուստատեսությամբ, ասում են, որ նախագահ Բազումը իշխանազրկվել է, սահմանները փակ են»,- նշվել է հաղորդագրությունում։

Նրանք նաեւ հայտարարել են ամբողջ պետությունում պարետային ժամ մտցնելու եւ բոլոր հաստատությունների աշխատանքը դադարեցնելու մասին։

Ավելի վաղ նախագահական գվարդիայի զինվորականներն արգելափակել էին նախագահական պալատը երկրի մայրաքաղաք Նիամեյում։ Բազումի գրասենյակը հայտարարել էր, որ բանակը չի աջակցել հակապետական խռովությանը եւ նրանց «վերջնագիր» է ներկայացրել։

Jeune Afrique պորտալի տեղեկացմամբ՝ խռովության ենթադրվող պատճառը նախագահական գվարդիայի հրամանատար, գեներապ Օմար Տչիանիին ազատելու Բազումի մտադրությունն էր։ Պորտալը տեղեկացրել էր բանակցությունների մասին, որոնց նպատակը առճակատման կանխումն էր  գվարդիայի զինվորականների եւ բանակի մնացյալ հատվածի միջեւ։ Al Arabiya հեռուստաալիքը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահը մերժել է հրաժարականի հայտարարությունը ստորագրելու խռովարարների պահանջը։

Ավելի ուշ «Ֆրանս պրես» գործակալությունը տեղեկացրել էր, որ որպես բանակցող Նիգեր է մեկնել Բենինի նախագահ Պատրիս Տալոնը։